ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Հայկ Կոնջորյանի ներկայացրած՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը խորհրդարանում 116 կողմ ձայներով ընդունվեց երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ։
Հիշեցնենք, որ գործող օրենսդրությամբ՝ առկա ուսուցմամբ բուհերում սովորող քաղաքացիներն ունեն կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի և կերակրողին կորցնելու նպաստի իրավունք: Այդ իրավունքը, սակայն, նրանք պահպանում են մինչև 23 տարեկանը լրանալը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը նշել էր, որ նախկինում, երբ գործել էր այդ կարգավորումը, Հայաստանում գործել է 10-ամյա միջնակարգ կրթությունը: Արդյունքում քաղաքացիների մի հատվածը չի կարողանում օգտվել իր այդ իրավունքից: Նախագծով կերակրողին կորցնելու աշխատանքային կենսաթոշակի և կերակրողին կորցնելու նպաստի իրավունքը նշյալ քաղաքացիները կպահպանեն ոչ թե մինչև 23, այլ մինչև 26 տարեկանը: