Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) գործադիր կոմիտեն երեկ կայացած առցանց հանդիպման ժամանակ ընդունել է կառույցի նախագահ Տամաշ Այանի հրաժարականը: Գործող նախագահ Ուրսուլա Պապանդրեան շնորհակալություն էր հայտնել Այանին աշխատանքի համար և նշել էր, պետք է սկսել նոր ճանապարհ։
Ծանրամարտի ֆեդերացիայում 43 տարի աշխատած 81-ամյա Այանը հունվարին հայտնվել էր սկանդալի կենտրոնում։
Գերմանացի լրագրող Հայո Զեպելտը, որը դոպինգների մասին ֆիլմեր է նկարահանում, իր նոր ֆիլմում նշել էր, որ Այանը մեղադրվում է կոռուպցիայի ու տարբեր մարզիկների դոպինգ-թեստերը կեղծելու մեջ։ Դրանից հետո Այանը 90 օրով հեռացվել էր պաշտոնից։ Այդ գործերը դեռ հետաքննվում են միջազգային ֆեդերացիայի կողմից:
Գործադիր կոմիտեն հայտարարել է, որ իրենք շարունակելու են ինտենսիվ աշխատանքները, որպեսզի ծանրորդները ոչնչի պակաս չունենան՝ պատրաստվելով Տոկիոյի Օլիմպիական խաղերին: