50 մլրդ դրամի վարկ արդեն իսկ հետաձգվել է, և որպեսզի առևտրային բանկերը ստեղծված իրավիճակում օժանդակեն քաղաքացիներին, Կենտրոնական բանկը լուծել է բանկերի իրացվելիության խնդիրը: Այդ մասին եզրափակիչ ելույթում ասաց ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ եթե ճգնաժամը երկարաձգվի, ապա երկրորդ փուլում սպառողական վարկերը կարող են իրապես խնդիր դառնալ:
Մ.Գալստյանը նշեց, որ ԿԲ-ի խնդիրը գների կայունությունն է, այլ ոչ թե փոխարժեքի կայունությունը:
«Գների կայունությամբ լուծում ենք մեր բոլոր հայրենակիցների կենսապահովման խնդիրները, հատկապես նրանց, որոնք գտնվում են գնային փոփոխության հետ կապված ավելի զգայուն խմբում»,- ընդգծեց թեկնածուն:
Նա շնորհակալություն հայտնեց պատգամավորներին հարցերի, քննարկումների և համբերատարության համար:
ԿԲ նախագահի քվեարկությունը կկայանա ապրիլի 17-ին՝ ժամը 10.30-12.30-ը: ԿԲ նախագահն ընտրվում է փակ գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով: