Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արարատի մարզի Նորաշեն համայնքում կորոնավիրուսի վարակի բռնկմանը: Պարետի որոշմամբ, այս համայնքի ելքերն ու մուտքերը փակ են, այնտեղ ուժեղացրած ռեժիմով հսկողություն է սահամանվել։
Վարչապետը նշեց, որ մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել, և դիմումի հիման վրա մեկուսացման մեջ գտնվող անձը ուղեկցվել է թաղման արարողության։ Սակայն հուղարկավորության արարողության ժամանակ չի պահպանվել սոցիալական հեռավորություն, գրկախառնվել են և երկու օր անց մեկուսացման մեջ գտնվող անձի մոտ թեստը դրական արդյունք է ցույց տվել: Դրա հիման վրա էլ պարտը որոշել է գյուղի ելքերն ու մուտքերը սահմանափակել։
«Պարզ է, որ ոստիկանությունը չի կարող ամեն ինչը հսկողության տակ պահել և քաղաքացիներն իրենք պետք է հասկանան, որ ամեն ինչ շատ լուրջ է։ Այսօր հարաբերություններ են քանդվում։ Առաջիկայում ապրիլի 24-ն է։ Ես չեմ կարծում՝ եթե այդ օրը մեր էմոցիոնալ պահվածքի արդյունքում հարյուրավոր մարդիկ մահանան, դրանով մեր զոհերի հոգիներն ավելի հանգիստ կլինեն»,-նշեց վարչապետը: Փաշինյանը հավելեց, որ առաջիկայում հատուկ նշանակության օրեր կան Հայաստանում, և ըստ նրա, եթե լինենք էմոցիոնալ, կարող ենք աղետներ բերել մեր գլխին։