ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Երեկ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկի մոտ թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել, և որ տվյալ աշխատակիցն իր ընտանիքի հետ արդեն իսկ գտնվել է մեկուսացման մեջ՝ պայմանավորված ընտանիքի անդամներից մեկի մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված կորոնավիրուսային հիվանդության պատճառով:
Հայտնել էինք նաև, որ աշխատակցի զանգից հետո անմիջապես կապ էր հաստատվել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ և օպերատիվ կերպով կազմակերպվել համավարակի կանխարգելմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները և դրանց շրջանակներում, կանխարգելիչ նկատառումներով, երեկ թեստավորման էին ենթարկվել Էրեբունի նստավայրի 5 աշխատակից:
Ուրախությամբ ուզում եմ հայտնել.
Այսօր տեղեկացել ենք, որ թեստավորված 5 աշխատակցի մոտ էլ արդյունքը բացասական է»: