Ապրիլի 15-ին պարետատան կազմակերպած արդեն երկրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Հայաստան են բերվել.
ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական զգեստ,
24 000 բժշկական դիմակ,
20 000 KN95 պաշտպանիչ դիմակ,
101 հեռահար ջերմաչափ,
բժշկական գործիքներ,
բիոքիմիական հումք կորոնավիրուսի ախտորոշման թեստեր պատրաստելու համար:
Խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) կողմից, Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների, «Իմ քայլը» հիմնադրամի, Իզմիրլյան հիմնադրամի, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան, Սուրբ Սարգիս Մարդասիրական Հիմնադրամի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և այլ դոնորների տրամադրած ֆինանսական միջոցներով:
Ինքնաթիռով փոխադրվել են նաև ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, ինչպես նաև չինացի բարերարների նվիրաբերած բժշկական պարագաներ և սարքավորումներ:
Շնորհակալություն ենք հայտնում գործընթացում ներգրավված բոլոր գերատեսչություններին, ինչպես նաև Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար»,- գրել է փոխվարչապետը: