Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային մասնաճյուղի տնօրեն Հանս Քլուգեն առցանց ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ եվրոպական տարածաշրջանում COVID-19-ի վարակի նոր դեպքերն աճում են, և հաջորդ շաբաթները «կրիտիկական» կլինեն եվրոպական երկրների համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Նոր դեպքերի թիվը շարունակում է աճել Եվրոպայում: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում նոր դեպքերը գրեթե կրկնապատկվել են՝ մոտենալով մեկ միլիոնին: Սա նշանակում է, որ աշխարհում վարակի մոտ 50 տոկոսը Եվրոպայում է»:
ԱՀԿ տարածաշրջանային տնօրենը նշել է, որ տարածաշրջանի 10 երկրներում, որոնք ավելի շատ են տուժել վարակից, վերջին շաբաթների ընթացքում դրական տեղաշարժ է եղել, և վարակի դեպքերի նվազում է արձանագրվել Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում ու Ֆրանսիայում: Սակայն որոշ երկրներում էլ վարակի նոր դեպքերի դինամիկայի աճ է նկատվում: