ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչ Աշոտ Հարությունյանը Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ասուլիսի ժամանակ ներկայացրեց սանիտարահիգիենիկ նորմերը, որոնք արտակարգ դրության պայմանում գործելու իրավունք ունեցող կազմակերպությունների կողմից պետք է պարտադիր պահպանվեն։
«Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է։ Նոր տեսակի կորոնավիրուսը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով կազմակերպությունները առաջնորդվում են հետևյալ հիմնական կանոններով՝ ապահովել պայմաններ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման համար, աշխատավայրում ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը։
Ապահովել դիմակների կրումը այն աշխատողների կողմից, որոնք անմիջական շփում ունեն հաճախորդների հետ։ Ապահովել յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ծորակի առկայությունը, ապահովել փակվող աղբամաններ՝ օգտագործված դիմակները նետելու համար։ Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափել օրական նվազագույնը 2 անգամ՝ հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափերի միջոցով»,- նշեց տեսչական մարմնի ներկայացուցիչը։
Աշոտ Հարությունյանը նշեց, որ ըստ կանոնների՝ գործատուն պետք է հարգելի համարի սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով աշխատակիցների բացակայությունը, բացառի վերջիններիս մուտքը աշխատավայր։ Անհրաժեշտության դեպքում ապահովել մեկուսացված աշխատակիցների հեռավար աշխատանքի հնարավորությունը։ Որոշակի պահանջներ են սահմանված նաև խոցելի խմբերում գտնվող աշխատակիցների համար։ 60 և ավելի տարիքի, նաև շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական և այլ քրոնիկական հիվանդություններ ունեցող, նաև երեխա խնամող աշխատակիցների համար պետք է սահմանվի ճկուն աշխատանքային գրաֆիկ։
Սահմանված են նաև առևտրի իրականացման վայրերում և կամ առևտրի օբյեկտներում որոշակի պահանջներ, որոնք կբացառեն այդ ոլորտի աշխատակիցների վարակումը։