«Ապրանքային և սննդամթերքի շուկաներում ունենք հուսալի վիճակ, որոշ տատանումներից հետո գները, ըստ էության, վերադառնում են իրենց բնականոն նշաձողերին, բացի մի քանի ապրանքատեսակներից: Այս ընթացքում մենք դեֆիցիտ չունենք և չենք ունենալու»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այս օրերին սերտորեն համագործակցում են Ռուսաստանի և Վրաստանի իրենց գործընկերների հետ: «Այդ գործակցության արդյունքում այս պահին մեզ հաջողվել է լուծել Հայաստանից ապրանքների բնականոն արտահանումների խնդիրը, սկզբունքորեն՝ ներմուծումների հետ կապված ևս խնդիրներ չեն եղել»,- ասաց Փաշինյանը:
Արձագանքելով վարչապետի խոսքին՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ Վերին Լարսում Հայաստանի լիազոր ներկայացուցիչն արդեն իսկ լիարժեք կերպով անցել է իր պարտականությունների կատարմանը, թեև մինչ այդ էլ աշխատում էր, սակայն հեռավար սկզբունքով: