Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ երկրի կառավարությունն ուսումնասիրում է վարկածը, թե արդյոք կորոնավիրուսի վարակն ի հայտ է եկել Ուհանի լաբորատորիայից: Թեմային անդրադարձել է Reuters լրատվական գործակալությունը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն էլ ավելացրել է, որ Պեկինը պետք է ճշգրիտ տեղեկություններ հաղորդի այդ մասին:
Reuters-ը գրում է, որ վարակի աղբյուրը դեռևս անհայտ է մնում: Ամերիկյան հետախուզությունից նշում են, որ կորոնավիրուսը հավանաբար բնական ճանապարհով է ի հայտ եկել, ի տարբերություն Չինաստանի լաբորատորիայում ստեղծվելու վարկածի: Չնայած հակասող տարբերակներին՝ որևէ վարկած առայժմ հստակ պատասխան չունի:
Ավելի վաղ Fox News-ը հայտնել էր, որ Ուհանի լաբորատորիայում ի հայտ եկած վարակը ստեղծվել է ոչ թե որպես կենսաբանական զենք, այլ՝ ապացույց, որ վարակը բացահայտելու և հաղթահարելու Չինաստանի հնարավորությունները հավասարազոր են կամ գերազանցում են ԱՄՆ-ի հնարավորություններին: