Խորհրդարանը քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածության հարցը: ԿԲ նախագահի պաշտոնի համար Մարտին Գալստյանի թեկնածությունն առաջադրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը Գալստյանին ներկայացնելիս նշեց, որ թեկնածուն նախ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, ապա ստացել բուհի ասպիրանտուրայում տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Գալաստյանը սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում։ Նաև ունի ԿԲ-ում աշխատանքի փորձ։ Ղեկավարել է ֆինանսական գործառնությունների վարչության միջազգային պահուստների կառավարմամբ զբաղվող վարչության ստորաբաժանումը, այնուհետև ղեկավարել է վիճակագրական վարչությունը։ Գալստյանը 2018-ից մինչ օրս ԿԲ խորհրդի անդամ է։ Հանդիսանում է Համաշխարհային բանկի միջազգային խորհրդատու, դասախոս։ Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում։
Այժմ Գալստյանը պատասխանում է պատգամավորների հարցերին: Նրան հարց տալու համար ԱԺ-ում հերթագրվել է 39 պատգամավոր։