ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը Կառավարության նիստին ներկայացրեց հակաճգնաժամային 3-րդ միջոցառման մեջ նախատեսված փոփոխությունները: Այժմ հակաճգնաժամային 3-րդ միջոցառմամբ աջակցություն է ցուցաբերվում տնտեսության առավել տուժած ոլորտների տնտեսավարողներին:
«Այս կազմակերպությունները ստանում են իրենց 2019-ի իրացման շրջանառության նկատմամբ 10 տոկոսի չափով վարկ՝ 6 ամիս վարկի մայր գումարի մարում չի նախատեսվում։ 2 տարիների ընթացքում 0 տոկոս տոկոսադրույքով, 3-րդ տարվա ընթացքում՝ 12 տոկոս տոկոսադրույքով»,- նշեց Խաչատրյանը։
Նախարարի խոսքով՝ այժմ ընդլայնվում է շահառուների ցուցակը։ Դրան ավելանում են սպորտի, նախադպրոցական կրթության, շինարարական և այլ ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունները։
«Այսօր մենք առաջարկում ենք այս շահառու ոլորտների թիվը լրացնել 4-ով, որոնք են՝ նախադպրոցական կրթությունը՝ մասնավոր մանկապարտեզները, սպորտի բնագավառում գործունեությունը՝ սրանք սպորտային ակումբներն են և լողավազանները, զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեությունը՝ էքստրեմալ տուրիզմ, բիլիարդ, թենիս և այլ խաղեր, և շենքերի շինարարությունը, քաղաքացիական շինարարությունը և մասնագիտացված շինարարական գործունեությունը։ Էստեղ մենք ունենք 600-ը գերազանցող կազմակերպություններ, որոնք էական դժվարություններ ունեն»,- նշեց նախարարը։
Տիգրան Խաչատրյանը հայտնեց նաև, որ 167 կազմակերպություն 1․6 միլիարդ դրամ ընդհանուր գումարով հաստատված վարկեր ունի։