Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց, որ 24-ժամյա ցիկլով 537 թեստ է իրականացվել, բայց դրանց մի մասը հաջորդ օրն են մուտքագրվել համակարգ։ Ըստ Թորոսյանի, ընդհանուր թվով 810 թեստ է արվել։
«Մենք նաև համեմատում ենք այլ երկրների 1 միլիոն բնակչին ընկնող թեստերի թվի հետ և մենք բավական լավ դիրքերում ենք աշխարհում։ Նույնիսկ մեր հարևանների ու մոտ գործընկերների հետ համեմատած՝ մենք անում ենք բավական մեծ թվով թեստեր»,- ասաց նախարարը։
Արսեն Թորոսյանի խոսքով, եթե կարիք լինի ապահովելու նոր ծավալներ, ապա կմտածեն նոր լաբորատորիաներ ներգրավելու մասին: Սակայն նախարարը կարծում է, որ այժմ այդքանն էլ բավարար է։ Ցուցումների շրջանակն աստիճանաբար ևս լայնացնում են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ այսօր 16 թեստից մեկն է դրական լինում, որը բավականին լավ ցուցանիշ է։