Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստվում են համավարակի պիկին: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 306 հաստատված դեպք, 3 մահ, 69 ապաքինված:
Նախօրեին էլ հանրապետության վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ արտակարգ դրությունը երկրում կերկարաձգվի մինչև մայիսի 10-ը, ապրիլի 15-ին՝ ժամը 21:00-ից, կփակվեն 4 մեծ քաղաքների` Թբիլիսիի, Բաթումի, Քութայիսի, Ռուսթավիի մուտքերը:
Ապրիլի 19-ին Վրաստանում Զատիկի տոնն է, և վարչապետ Գախարիան նշել է, որ եկեղեցին այդ ընթացքում բաց կլինի, բայց ստիպված կլինեն փակել գերեզմանատները, քանի որ Զատիկի օրն ու հաջորդող մեռելոցին մարդիկ ընտանիքներով գերեզմանատներ են գնում, այնտեղ երկար ժամանակ են անցկացնում, նույնիսկ սեղաններ բացում, երաժշտություն հնչեցնում: Վարչապետն այնուամենայնիվ, հույս է հայտնել, որ քաղաքացիները խոհեմ կգտնվեն և Զատիկի տոներին կմնան տանը: