ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց տեղորոշման համակարգի արդեն իսկ գրանցած արդյունքները։ Ավինյանն ընդգծեց, որ համակարգի առաջնային նպատակը վարակակիր անձի շփման ամբողջ շրջանակը հայտնաբերելն է։
«3029 անձ ըստ համակարգի տեղորոշվել է։ Սրանք երկուշաբթի օրվա տվյալներ են: Այսօր այդ տվյալը, իհարկե, ավելի մեծ կլինի։
Մենք արդեն իսկ պարետատան կազմում ավելացրել ենք համաճարակաբանների խումբը, և արդեն համաճարակաբանների խումբն ուղղակի աշխատելու է վարակակիրների հետ՝ այդ տեղորոշման համակարգի միջոցով ցանկով անցնելով, տեղորոշման ցանկը ֆիլտրելով։ Եվ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցը զանգելու է վերջնական ցուցակով և ինքնամեկուսացման ցուցում է տալու»,- նշեց Ավինյանը։
Փոխվարչապետը նշեց, որ տեղորոշվածներից նրանց, ովքեր ունեցել են վարակակիր անձի հետ առաջնային շփում, ցուցված է ինքնամեկուսացում, որոշ դեպքերում՝ մեկուսացում։ Եթե 14 օրվա ընթացքում նրանց մոտ ախտանիշներ ի հայտ գան, ապա կթեստավորվեն։