Այն, որ պետական համակարգի շատ մեծ տոկոսը շարունակում է մնալ իր տեղում, նույնպես հեղափոխության ժամանակ տված իմ խոստումներից է, որ ես տվել եմ՝ ասելով, որ կադրային ջարդ չի լինելու, նշեց վարչապետն ու մանրամասնեց, որ դա չի նշանակում, թե պետական կառավարման համակարգը պետք է մնա նույնը։
«Մենք նկատի չենք էլ ունեցել, որ պետական համակարգում եղած այս մարդուն պետք է փոխարինել, այ, էս մեկով։ Ես ի սկզբանե համարել եմ, որ դա վատ մոտեցում է, որովհետև պետք է նաև խոստովանեմ, որ մի քանի նոր կադրեր ապացուցել են, որ իրենք կարող են մտնել կաբինետ և սկսել իրենց դնել իրենց նախորդի տեղը։ Նույնիսկ շատ արագ ես ստիպված եմ եղել իմ նշանակած անձանց ազատել աշխատանքից։ Առնվազն հիմնավոր կասկածներ կան, որ նոր կադրերը ներգրավված են եղել կոռուպցիոն գործարքների մեջ։
Ռազմավարությունը որն է։ Իմ ընկալումն այն է, որ փոփոխությունները պետք է տեղի ունենան մեր ներսում, բոլորիս ներսում պետք է տեղի ունենան փոփոխություններ, որի արդյունքում մենք ունենանք հանրային համաձայնություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Մարդը, որը 10 տարի աշխատել է պետական կոռումպացված համակարգում, հնարավո՞ր է, որ ինքը փոխվի. հարցին ի պատասխան՝ վարչապետը օրինակ բերեց հայ քաղաքացու փոփոխությունը։ Քաղաքացու, որը 10 հազար դրամով գնում էր և ընտրության էր մասնակցում, բայց հետո հեղափոխություն արեց։
«Մենք ունենք հին կադրեր, որոնք այս ընթացքում ցույց են տվել, որ կարող են փոխվել, և մենք ունենք նոր կադրեր, որոնք էս ընթացքում ապացուցել են, որ իրենց երազածը հների տեղում հայտնվելն է և նույն գործողություններն անելը»,- նշեց վարչապետը։