Չորեքշաբթի լրացավ Նոտր Դամի տաճարի ավերիչ հրդեհի մեկ տարին: Այսօր տարածքում շինարարներ չկան, վերականգնման աշխատանքներում ներգրավված գիտնականներն էլ աշխատում են տնից:
Մինչև Ֆրանսիայում կորոնավիրուսի վարակի պատճառով հաստատված սահմանափակումները այստեղ մոտ 100 մարդ էր աշխատում՝ ինժեներներ, ճարտարապետներ, հնագետներ և գիտնականներ: Բայց մարտի 16-ից միայն անվտանգության ծառայության խումբն է պահպանում մուտքը:
Մեկ օր առաջ Ֆրանսիայի գեներալ և նախկին ռազմական շտաբի պետ Ժան-Լուի Ժորժելինը, որը նախագահ Էմանուել Մակրոնի հրահանգով հսկում է վերականգնման աշխատանքները, շրջել է արգելված գոտում:
«Մենք կվերսկսենք աշխատանքը հնարավորինս շուտ»,- ասել է նա FRANCE 24-ին՝ շեշտելով, որ կորոնավիրուսից պաշտպանության միջոցները պետք է խստորեն պահպանվեն, որպեսզի կարողանան պաշտպանել վերակառուցման ուղղությամբ աշխատանքներ իրականացնող մասնագետներին: «Մենք պետք է համոզված լինենք, որ նրանք պաշտպանված են և չեն ենթարկվի այս անիծյալ վիրուսին»:
Ենթադրվում է, որ վերականգնողական աշխատանքները լիարժեք կսկսվեն եկող տարի: