Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խորհրդարանում հայտնեց, որ ռուսական «Գազպրոմից» իր նամակի պատասխանն արդեն ստացել է։
«Գազպրոմը» հայտնել է, որ հարցը պահում է իր ուշադրության ներքո, միևնույն ժամանակ նամակում նշվում է, որ կոնտակտները հարցի վերաբերյալ կլինեն կառավարական մակարդակով»,- նշեց Գրիգորյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկմանը, թե հայտը պետք է մերժվի, քանի որ դրա հիմքում ընկած է այն, որ սահմանին այս պահին գազի գինը 165 դոլար է, բայց հաշվարկը կատարվում է 135-ի շրջանակներում։
Մելքումյանը հիշեցրեց, որ 2015-ի հունվարի 1-ից, երբ գինը սահմանին իջել է 189-ից 165-ի, վերջնական սակագները չեն փոխվել, և 5 տարվա ընթացքում մոտ 43 միլարդ դրամ մնացել է «Գազպրոմին»։
«Դա առանցքային խնդիր է։ Որովհետև եթե այդ խնդիրը չլիներ, կարող է պատահի՝ հայտ գրելու անհրաժեշտություն էլ չլիներ»,- նշեց Մհեր Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: