Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի համոզմամբ՝ այս ընթացքում ընտրությունները բոյկոտելու կամ չեղարկելու կոչերն ընդամենը քաղաքական բնույթ են կրել:
«Մեր քաղաքական ընդդիմախոսների մի մասը հատուկ բոյկոտել ու քաղաքական երանգ է հաղորդել կատարվածին՝ ընտրությունների հետաձգման անվան տակ չեզոքացնելու ստեղծված մթնոլորտը: Նրանք, նախօրոք հասկանալով ընտրության արդյունքները և հիմք ընդունելով համաճարակը, փորձել են քաղաքական երանգավորում տալ: Մեր առօրյան այսօր էլ պրոբլեմային է, մենք ամեն օր վտանգում ենք մեր ժողովրդի առողջությունը: Սկսած հենց այս հյուրանոցով, մեր հանդիպումներով և այլն»,- հայտարարեց Հարությունյանը:
Ըստ նրա՝ չնայած ընդդիմախոսների բոլոր հայտարարությունները՝ կապված հետաձգման հետ, ընդամենը քաղաքական բնույթ էին կրում, այնուամենայնիվ, կա խնդիր:
«Իհարկե՝ մենք ունենք խնդիր, ոչ միայն համաճարակի տարածման, այլև դրա չեզոքացման հետ կապված: Չկա մի պետություն, որն իմանա, թե ինչպիսի վարքագիծ է դրսևորելու համաճարակը և դա ինչ ազդեցություն է ունենալու տնտեսության վրա: Եվ եթե մենք ունենանք և՛ համաճարակ, և՛ տնտեսական ճգնաժամ, դա արդեն կլինի ընդհանուր աղետ»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ այդ մարտահրավերներին դիմակայելու համար պետք է միավորվի ողջ հայությունը և համախմբվի Հայաստանի իշխանության շուրջ, քանի որ գլխավոր պատասխանատվությունն այսօր այդ իշխանությունն է կրում: