ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ ամփոփելով Կառավարության ընդունած տնտեսական շոկերի մեղմման միջոցառումները, ներկայացրեց դրանց՝ մինչ օրս արձանագրած արդյունքներն ու ցուցանիշները։ Ավանեսյանը նշեց, որ առաջին միջոցառման հայտերի թիվն անցել է 200-ի շեմը։ Երկրորդ միջոցառման՝ գյուղատնտեսական աջակցության միջոցառման շրջանակում հայտերի թիվը հասել է 536-ի։
«Երրորդ միջոցառման շրջանակում, որով թիրախավորվել են այն ոլորտներն ու կազմակերպությունները, որոնք առավելապես տուժել են կորոնավիրուսից ի հայտ եկող տնտեսական շոկերից և նախորդ տարի ունեցել են 24-ից 500 միլիոն ունեցած շրջանառությամբ, արդեն բավարարել ենք 115 հայտ։ Ընդհանուր հայտերի թիվը հասել է 700-ի։ Դրանք օր առ օր ավելանում են։ Հինգերորդ միջոցառման շրջանակներում արդեն 7500 շահառու համապատասխան ֆինանսական միջոցները ստացել է»,- նշեց Ավանեսյանը՝ հավելելով, որ շարունակում են ուսումնասիրել՝ բացահայտելու այն ոլորտները, որոնք լրացուցիչ հարվածներ են կրում կորոնավիրուսի տնտեսական շոկերի արդյունքում։