ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:
«Ընդունեք իմ ջերմագույն շնորհավորանքները Արցախում տեղի ունեցած մրցակցային ընտրությունների արդյունքում Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Մեր հայրենիքի ու մեր ժողովրդի համար մեծ հնարավորություններով և միաժամանակ ամենատարբեր մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում ստանձնելով Արցախի ղեկավարի պաշտոնը՝ Դուք ստանձնում եք Արցախի անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, արմատական ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման առաքելությունը, ինչպես նաև մեր երկու հանրապետություններում այդ գործընթացների ներդաշնակության և համաչափության ապահովման պատասխանատվությունը։
Համատեղ ջանքերի միջոցով մենք պիտի ապահովենք արցախահայերի ազատ ինքնորոշման անսակարկելի իրավունքի պաշտպանությունը։ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը պիտի շարունակեն համատեղ գործուն քայլեր ձեռնարկել մեր միասնական անվտանգային համակարգի ամրապնդման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ։
Հարգելի պարոն Հարությունյան,
Ձեզ մեծ ուժ, տոկունություն, իմաստություն և լայնախոհություն եմ մաղթում Ձեր նոր, անչափելի պատասխանատու գործում՝ ի փառքս Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և հանուն մեր համահայկական իղձերի կատարման։
Ձեր այս առաքելության մեջ Ձեզ մշտապես սատարելու պատրաստակամությամբ՝
Արարատ Միրզոյան»,- նշված է ուղերձում: