Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը ներկայացրեց, որ մինչ կորոնավիրուսի տարածումը կային բավական հիմքեր, որպեսզի համակարգը բազմաթիվ քայլերի միջոցով օգներ տնտեսությանը:
«Մարտի սկզբից արդեն Կենտրոնական բանկը Ֆինանսական համակարգի հետ սկսեց գրեթե ամենօրյա շփումներ և քննարկումներ՝ հնարավոր քայլերի ուղղությամբ, որպեսզի օգնենք մեղմելու ճգնաժամի ազդեցությունը: Բանկերի ու նաև Բանկերի միության կողմից հայտարարություն տարածվեց, որ բոլոր բանկերը և վարկային կազմակերպությունները պատրաստ են աշխատելու անհատական մոտեցմամբ՝ վերանայելով հաճախորդների վարկերի պայմանները, իրականացնելով ժամկետների երկարաձգում և այլն:
Գրիգորյանը նշեց, որ տնտեսության ֆինանսավորումն ավելի խթանելու համար Կենտրոնական բանկը նվազեցրել է բանկերի վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 կետով:
Տեղեկացրեց, որ Կենտրոնական բանկը միևնույն ժամանակ աշխատել է բանկերի հետ, և բանկերը նույնպես հայտարարություններ տարածեցին, որ բոլոր ծրագրային հիփոթեքային վարկերը տրամադրվեն այնպես, որ վեց ամիս ժամկետով երակարաձգվեն մարումները, կամ վեց ամսվա ընթացքում մարումներ չկատարվեն: Նշեց նաև, որ բանկերի հետ աշխատանքի արդյունքում որոշում կայացվեց որոշակիորեն վերանայել բանկերի կարգավորման ռեժիմը, ինչը հնարավորություն կտար բանկային համակարգին՝ փոքր-ինչ ավելի ճկուն սպասարկելու տնտեսությանը: ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրենը շեշտեց, որ անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը պատրաստ է ֆինանսական համակարգին ապահովել համապատասխան իրացվելիությամբ: