«Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնի տարածած՝ Ucom
ընկերությունում նոր տնօրենի նշանակման մասին նյութը չի
համապատասխանում իրականությանը, հայտնում են ընկերությունից:
«Հայտնում ենք, որ Ucom ընկերությունը «Կառավարման խորհուրդ» անունով կառավարման մարմին չունի, իսկ Հայկ Եսայանը շարունակում է պաշտոնավարել՝ որպես ընկերության գլխավոր տնօրեն։
Նշենք, որ 856 աշխատակից այս պահի դրությամբ արդեն ազատման դիմումներ են ներկայացրել:
Չնայած ներկայացված դիմումներին` Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խնդրանքով ընկերության բոլոր ստորաբաժանումները շարունակում են պահպանել ընկերության կենսագործունեությունը:
Այս պահին Եսայան եղբայրների ներկայացրած առաջարկի շուրջ ընթանում են բանակցություններ։
Կրկին խնդրում ենք չհավատալ տարաբնույթ հայտարարություններին և Ucom-ի անունից տարածել միայն պաշտոնական էլփոստից ստացված հայտարարությունները: Հորդորում ենք Ucom ընկերությանը վերաբերող որևէ տեղեկատվություն ճշտել կազմակերպության հանրային կապերի պատասխանատուից»,- ասված է հայտարարության մեջ: