ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ասեն Ջուլֆալակյանը, անդրադառնալով այս տարի ապրիլի 24-ին նախատեսված լայնամաշստաբ միջոցառումների չեղարկմանը, պայմանավորված կորոնավիրուսի համավարակով հայտարարված արտակարգ դրությամբ, հանդես եկավ առաջարկով:
«Որպեսզի չսահմանափակվենք միայն պետական այրերի մասնակցությամբ արարողակարգային միջոցառումներով և հնարավորություն տանք միլիոնավոր հայերի ամբողջ աշխարհով մեկ ևս ինչ-որ կերպ մասնակցություն ունենալ այդ օրվա հիշատակի միջոցառմանը՝ առաջարկում եմ ապրիլի 24-ին ՀՀ-ի և ամբողջ աշխարհի հայ եկեղեցիները, նախապես պայմանավորված միևնույն ժամին մեկ րոպե շարունակ հնչեցնեն զանգերը: Մեր հայրենակիցներն էլ դուրս գան այդ ժամին պատշգամբ և բակ, մեկ րոպե լռությամբ հարգեն նահատակների հիշատակը։ Կարծում եմ՝ ստեղծված պայմաններում սա կլինի ամենաազդեցիկ տարբերակը՝ հիշեցնելու համաշխարհային հանրությանը օրվա խորհրդի մասին»,- նշեց Ջուլֆալակյանը։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ առաջարկն անպայման կքննարկվի և որոշման մասին կհայտնեն հանրությանը։
Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարել էր՝ ապրիլի 24-ին և մայիսյան եռատոներին նախատեսված միջոցառումներն ու քաղաքացիների մասնակցությունը դրանց պետք է սահմանափակվեն։
«Ապրիլի 24-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ։ Նույնը վերաբերում է նաև մայիսի 8-ի և 9-ի միջոցառումներին։ Ակնհայտ է, որ եթե մենք այդ միջոցառումները թույլ տանք սովորական ընթացակարգով, մենք կունենանք համավարակի անվերահսկելի բռնկում»,- ասել էր Փաշինյանն ու խնդրել ըմբռնումով մոտենալ, քանի որ այս որոշումները կայացվում են հանուն քաղաքացու: