ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը տեղեկացրեց, որ Եվրամիության կողմից Հայաստանի Հանրապտությանը ընդհանուր առմամբ հատկացվելու է 92 միլիոն եվրո աջակցություն։
«Այդ աջակցությունը կուղղվի, մասնավորապես, առողջապահական համակարգին, ճգնաժամից առավել տուժած մարդկանց և քաղաքացիներին, նաև՝ փոքր և միջին ձեռնարկատիրությանը»,- նշեց Սիմոնյանը։
Փոխնախարարն ասաց, որ աջակցության ձևն ու չափը դեռ քննարկման փուլում են, այսինքն՝ այն կարող է ավելանալ։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ-ի կողմից ընդունվել է նոր գործիք՝ կորոնավիրուսի դեմ պայքարի և տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար, այդ աջակցությունը կտրամադրվի բոլոր երկրներին, որոնք կարիք ունեն։ Գործիքի շրջանակում նախատեսված է մոտ 20 միլիարդ եվրոյի աջակցություն»,- նշեց փոխնախարարը։
Սիմոնյանը նշեց, որ բացի այս աջակցությունից՝ կա նաև Արևելյան գործընկերության 6 երկրների շրջանակում տրամադրվող աջակցություն ԵՄ կողմից։
«Այս պահին այն կազմում է մոտ 80 միլիոն եվրո, որը պետք է բաժանվի 6 երկրների մեջ։ Միևնույն ժամանակ Եվրոպական հանձնաժողովը կվերանպատակաուղղի մոտ 880 միլիոն եվրո արժողությամբ ամբողջ տարածաշրջանի համար նախատեսված աջակցությունը կարճաժամկետ և միջնաժամկետ ֆինանսական գործիքների միջոցով, որն ուղղված կլինի մեղմելու ճգնաժամի սոցիալ-տնտեսական հետևանքները»,- նշեց Սիմոնյանը։
Գյուղատնտեսության ոլոտում ԵՄ-ն նույնպես աջակցում է Հայաստանին։ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության» նախաձեռնության առաջին խորհրդատվական նիստում որոշվել է ծրագրի շրջանակում Հայաստանի գյուղատնտեսությանը տալ 456,500 եվրոյի չափով աջակցություն։