Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր Նախագահ Արայիկ Հարությունյանին: Ուղերձում ասված է.
«Մեծարգո պարոն Հարությունյան,
իմ և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու առիթով։
Տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններում Արցախի ժողովուրդն արտահայտեց իր քաղաքական կամքը՝ իրացնելով մրցակցային ընտրությունների միջոցով պետական կառավարման մարմիններ ձևավորելու իր անքակտելի իրավունքը:
Արցախի ժողովուրդը մեկ անգամ ևս հաստատեց իր հողի վրա ապրելու, ինքնակազմակերպվելու, աշխատելու և արարելու իր աննկուն կամքն ու իրավունքը: Մեկ անգամ ևս ապացուցվեց, որ Արցախն անկախ և ժողովրդավարական պետություն է՝ իր կայացած ինստիտուտներով և հասուն քաղաքացիական հասարակությամբ:
Արցախի Հանրապետության մեծարգո նորընտիր Նախագահ,
Դուք ստացել եք Արցախի ժողովրդի մանդատը՝ ամրապնդելու Արցախի անվտանգությունը, զարգացնելու տնտեսությունը և կառուցելու ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա հիմնված հասարակություն:
Այս նպատակին հասնելու համար Դուք որդեգրել եք պետական կառավարման համակարգի, տնտեսական, քաղաքական, դատաիրավական, հանրային կյանքի այլ ոլորտներում խորը եւ համակարգված բարեփոխումներ իրականացնելու օրակարգ՝ և այս գործընթացում կարող եք հույս դնել Հայաստանի կառավարութան և անձամբ իմ աջակցության վրա։
Ձեզ և Արցախի հերոսական ժողովրդին մաղթում եմ հաջողություն, բազմաթիվ ձեռքբերումներ, որին համոզված եմ՝ կկարողանանք հասնել մեր լավագույն ջանքերը մեկտեղելով»։