«Հեռուստատեսության և ռադիոյի» և «Գովազդի մասին» օրենքների փոփոխությունների նախագծերի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը տեղեկացրեց, որ Հանրային հեռուստաընկերության բյուջեն մոտ 6 միլիարդ է: Ասաց՝ 2014 թվականին, երբ օրենսդրական փոփոխությունների հետևանքով հեռուստաընկերությունը զրկվեց գովազդից, արդյունքում ունեցավ մոտ 1.2 միլիարդ դրամի կորուստ:
«Նախնական գնահատականներով՝ 200-300 միլիոն դրամով կավելանան գովազդից գեներացվող միջոցները: Այն հիմնական նպատակ չէ, որ այդ գումարով Հանրային հեռուստաընկերության բոլոր մարտահրավերները լուծվեն, քանի որ այնտեղ տեխնիկական վերազինման հարց կա, եթերաժամի բազմազանության: Այդ գումարները հեռու են բավարար լինելուց, որպեսզի մեր ակնկալիքները բարձր տեղեկատվական արժեք ներկայացնող հաղորդումների մասով բավարարվեն»,- ասաց Դանիելյանը:
Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամի ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Թույլատրվում է սոցիալական գովազդ ցուցադրել՝ ժամը 00:00-ից մինչև 18:00-ն անվճար, իսկ 18:00-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում՝ վճարովի։