ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով Արցախում մարտի 31-ին և ապրիլի 14-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների միջազգային արձագանքներին, նշել է.
«Ընտրությունների միջոցով Արցախի ժողովուրդն իր մանդատը տվեց Արցախի իշխանություններին՝ շարունակելու ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: Ընտրություններն էական նշանակություն ունեին մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության, խաղաղ գործընթացի առումով: Հայաստանի իշխանությունները եղել և մնում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Արցախի ժողովուրդն իր ընտրած ճանապարհով արտահայտում է իր մոտեցումն ու դիրքորոշումը»:
ՀՀ ԱԳՆ նախարարը տեղեկացրեց, որ միջազգային արձագանքների առումով առաջնահերթ են այն հայտարարությունները, որոնք արվել են խաղաղ գործընթացին առնչություն ունեցող մարմիններին: Ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահող երկրների հայտարարության մեջ ընդգծվում էր Արցախում ապրող մարդկանց դերն իրենց ապագան որոշելու և Արցախի իշխանությունների կողմից հանրային կյանքը կազմակերպելու անհրաժեշտության հարցում:
Մնացականյանը նաև նշեց, որ Արցախի ժողովուրդն ընտրել է՝ իր հանրային կյանքը կառուցել ըստ ժողովրդավարական մոդելի: