Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմը 25-ից դարձել է 50 միլիոն դրամ, տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ԱԺ-ում օրենքի փոփոխությունների փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ:
Բադասյանը մեկնաբանել է՝ սա արվել է, որպեսզի որևէ մեկը չխոսի, թե արտագնա աշխատանքի մեկնածները կարող են ընկնել այս կարգավորման տակ:
«Շեմի մասին խոսելիս պետք է հասկանալ, որ խոսքը ոչ թե գույքի արժեքի մասին է, այլ այն արժեքի մասին, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով»,- շեշտեց նախարարը:
Ըստ Բադասյանի՝ նախատեսվում են իրավասու մարմնի գործունեության և քաղաքացիական դատավարության ընթացակարգային նոր կանոններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը: Գույքը ձեռք բերողի բարեխիղճ հանգամանքի ապացուցման բեռը տեղափոխվել է իրավասու մարմնի վրա։ Իրավասու մարմինն էլ, Բադասյանի խոսքով, կգործի Գլխավոր դատախազության կազմում: Իսկ իրականացված գործառույթները կհանդիսանան պետական շահերի պաշտպանության հայցի ներկայացման դրսևորում:
«Ուսումնասիրության ժամկետի մասով արձանագրվել է, որ ուսումնասիրությունը սկսելուց առաջ պետք է ներառի առավելագույնը նախորդող 10 տարին, իսկ բացառիկ դեպքում, երբ պահպանվել են գործի համար էական ապացույցները, ավելի երկար, բայց սահմանափակվելով 1991 թվականից հետո ընկած ժամանակահատվածով: Ավելացվել են անձանց իրավունքների պաշտպանության հավելյալ երաշխիքներ»,- ասաց նախարարը: