«Հայոց ցեղասպանության ճանաչումը, արդարության համար պայքարը երբեք չի դադարել և չի դադարելու»,- այս մասին խորհրդարանում ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա նշեց, որ այժմ աննախադեպ ու անսովոր պայմաններ են, բայց Հայաստանում ու Հայաստանից դուրս հայ ժողովրդի համար երբեք չի դադարել այդ պայքարը, և այն որևէ հանգամանք չի կանգնեցնի։
Մնացականյանը նշեց, որ այս տարի ևս ապրիլի 24-ը խորհրդավոր օր է լինելու, երբ հայերն իրենց արդարության համար պայքարն են արտահայտելու և ի ցույց են դնելու միջազգային հանրությանը: «Հայոց ցեղասպանությունը ուղղակի հայ ժողովրդին չի վերաբերում։ Այն նաև ցեղասպանությունների կանխարգելման կարևոր գործառույթներից մեկն է։ Մենք հիմա Մարդու իրավունքների խորհրդի անդամ ենք։ Այս անսովոր պայմաններում կա խնդիր՝ աշխատանքը բնականոն տանելու, բայց մենք այս տարի մեր ավանդական կանխարգելմանը վերաբերող բանաձևն ենք նորոգում։ Ինչ-որ մի պահ տարվա ընթացքում այդ բանաձևը կընդունվի Մարդու իրավունքների խորհրդում»,- ասաց Մնացականյանը։
ԱԳ նախարարը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումներում կարևորեց նաև խորհրդարանների գործառույթը։
«Յուրաքանչյուր հարթակ ու ձևաչափ, որոնք օգտագործվում են այս նպատակի համար, չափազանց անհրաժեշտ են։ Միացյալ Նահանգների Սենատի, Իտալիայի խորհրդարանի կողմից ընդունված որոշումներն ի ցույց են դնում խորհրդարանների կարևորությունը ցեղասպանությունների կանխարգելման գործընթացում»,- ընդգծեց ԱԳ նախարարը։