2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 01։20-ի սահմաններում, Հ.Ազոյանից հաղորդում է ստացվել, որ մեկ անգամ կրակել են իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող բնակարանի ուղղությամբ, որի հետևանքով փամփուշտի գնդակը վնասել է բնակարանի պատշգամբի պատուհանի ապակին՝ պատճառելով զգալի չափերով գույքային վնաս։
Դեպքի առթիվ 2020 թվականի ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ, որը ապրիլի 15-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հ.Ազոյանը տուժող է ճանաչվել:
Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ: