Ազգային ժողովն այսօր 112 կողմ և 1 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովն առաջարկել է օրենքի նախագծի համար հատուկ ընթացակարգ՝ երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի և Արուսյակ Ջուլհակյանի ներկայացրած «Քրեական դատավարության» օրենսգրքում լրացումների նախագիծը 1 կողմ և 83 դեմ ձայնով երկրորդ ընթերցմամբ չընդունվեց, բայց տեղափոխվեց գրավոր առաջարկների ներկայացման փուլ։
Քվեարկության դրվեց և 111 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի և Նազելի Բաղդասարյանի ներկայացրած Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։
Կառավարության ներկայացրած Քրեական օրենսգրքում, Քրեական դատավարության օրենսգրքերում լրացումների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 97 կողմ և 14 դեմ ձայներով։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխության և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց կողմ 113 ձայնով։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ մերժվեց՝ 34 կողմ և 79 դեմ ձայներով։