Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ներկայացրեց, որ այսօրվա քննարկումների արդյունքում որոշվել է հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շահառու դարձնել նաև մասնավոր մանկապարտեզների աշխատակիցներին։ Շահառու կարող են դառնալ նաև սպորտային, մարմնամարզական կենտրոնների աշխատողները, տրանսպորտի ոլորտի աշխատողները։
«Մինչև հիմա նպաստառու ընտանիքներին դեռևս որևէ աջակցություն չէինք հատկացրել այն կանխավարկածով, որ նրանք նպաստ են ստանում։ Այսօր որոշում ենք կայացրել, որ նպաստառու ընտանիքներին նպաստի կեսի չափով կտրվի միանվագ աջակցություն։ Ընդ որում՝ միանվագ աջակցության 30 տոկոսը կփոխանցվի կոմունալ ծախսերին՝ անկախ նրանից՝ 11-րդ միջոցառման շահառու են թե ոչ։ Մնացածն առձեռն միանվագ աջակցություն կտրամադրվի նրանց»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև նշեց, որ միջոցառումներն ամեն օր մոնիտորինգ են արվում, և հավաքվում են ազդակներն ու հարցերը, թե որտեղ և ինչպես կարող են աջակցման ծրագրերը դառնալ առավել արդյունավետ։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն էլ հետաքրքրվեց, թե ինչու Կառավարության հակաճգնաժամային աջակցության 3-րդ միջոցառման մեջ ներառված չեն Հայաստանում մասնավոր կամ հիմնադրամ հանդիսացող դպրոցները։ Պատգամավորը նշեց, որ այդ կրթական հիմնադրամներն իրենց չափով փոքր և միջին ձեռնարկատիրություններ են հանդես գալիս։ Ընդգծեց, որ դրանք 200 աշակերտ ունեցող մասնավոր կրթական հաստատություններ են, որոնք պետությունից տարեկան մոտ 40-50 միլիոն դրամի բեռ են վերցնում, նաև ապահովում են բավականին առողջ մրցակցություն։
Վարչապետը տեղեկացրեց, որ նշված դպրոցները կարող են լինել հակաճգնաժամային առաջին միջոցառման շահառու, որտեղ բավականին լավ պայմաններ են առաջարկվում։ Ընդգծեց նաև, որ մոնիտորինգ կանեն և կքննարկեն 3-րդ ծրագրում ևս ներառելու հարցը։