Կարմրուկի և դեղնախտի նախաձեռնության, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Ամերիկյան կարմիր խաչի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի հիմնադրամի և ԱՀԿ-ի համատեղ հայտարարությունը
Ատլանտա, Ժնև, Նյու Յորք, 14 ապրիլի 2020․ Քանի որ կորոնավիրուսը դեռ շարունակում է տարածվել, ավելի քանի 37 երկրներում բնակվող ավելի քան 117 միլիոն երեխա կարող է բաց թողնել կարմրուկի դեմ պատվաստումը։ Կարմրուկի դեմ պատվաստումները արդեն ավելի քան 24 երկրներում հետաձգվել են և կշարունակեն հետաձգվել մի շարք այլ երկրներում ևս։
Աշխարհը գրաված այս պանդեմիան հնարավոր է հաղթել միայն միահամուռ, համակարգված ուժերի և ռեսուրսների ներդրման շնորհիվ, որպեսզի ապահովենք, որ առաջնագծում աշխատող բուժանձնակազմը, որ առաջինն է առերեսվում ու արձագանքում այս նոր համաճարակին, լինի պաշտպանված։ Միևնույն ժամանակ մենք պետք է համախմբվենք ու ապահովենք իմունացման ծառայությունների շարունակականությունը, որպեսզի չվտանգենք մեր ապագան։
ԱՀԿ-ն Իմունացման մասնագետների ռազմավարական խորհրդի կողմից նոր ուղեցույց է հրապարակել, որպեսզի աջակցի երկրներին շարունակել իմունացման ծրագիրը COVID-19 համավարակի ժամանակ։ Ուղեցույցը սատարել է Կարմրուկի և դեղնախտի նախաձեռնությունը, այդ թվում՝ Ամերիկյան կարմիր խաչը, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԱԿ-ի հիմնադրամը:
Ըստ ոււղեցույցի՝ խորհուրդ է տրվում երկրների կառավարություններին ժամանակավորապես դադարեցնել կանխարգելիչ պատվաստումները այն հիվանդությունների դեմ, որոնց բռնկում վաղուց չի գրանցվել։
Եթե կորոնավիրուսի տարածման պատճառով պատվաստումները ժամանակավորապես դադարեցնելու բարդ ընտրություն է կատարվել, ապա մենք կոչ ենք անում ղեկավարներին բազմապատկել ուժերը և հայտնաբերել չպատվաստված երեխաներին, որպեսզի պատվաստման գործընթացը վերսկսելուն պես բնակչության ամենախոցելի խումբը կարմրուկի դեմ ամենաառաջինը պատվաստվի։
Պլանային պատվաստումները, այդ թվում նաև՝ կարմրուկը, շատ կարևոր են կանխարգելելի մահերը կանխելու և կյանքեր փրկելու համար։ Այս ժամանակահատվածում իրենց պատվաստումները չստացած երեխաները չպետք է ընդմիշտ բաց թողնեն դրանք։
Հրատապ որոշումներ պետք է կայացվեն տեղական, ազգային և համաշխարհային մակարդակներում, որպեսզի պատրաստ լինենք անմիջապես ծածկել իմունացման բացերը և պաշտպանել երեխաներին՝ հետևելով, որ պատվաստումները հասանելի լինեն և որքան հնարավոր է շուտ տրամադրվեն բոլոր խոցելի մարդկանց և երեխաներին։