Երեկ գիշերվանից 9-րդ ծրագրի համար մեծ թվով դիմումներ ենք ստացել, որի պատճառով համակարգը ծանրաբեռնված է։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Որպեսզի տեխնիկական խնդիրներ չառաջանան, և մերժման հայտեր չստանաք, մի քանի ժամով դադարեցնում ենք դիմումների ընդունումը։
Ներողություն եմ խնդրում անհարմարությունների համար։ Շնորհակալ եմ ձեր համբերատարության համար»,- գրել է նախարարը։
Նշենք՝ Կառավարության առաջարկած 9-րդ ծրագրով մինչև 18 տարեկան երեխա (երեխաներ) ունեցող ընտանիքներին յուրաքանչյուր երեխայի համար կտրամադրվի 26 500 դրամ, եթե երեխայի երկու ծնողը կամ միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք։
Այս միջոցառման շահառու են մինչև 18 տարեկան երեխա (երեխաներ) ունեցող ընտանիքները, որոնք բավարարում են հետևյալ պայմանները՝
1) երեխայի երկու ծնողը կամ միայնակ ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ չի ունեցել գրանցված աշխատանք և 2020 թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի.
2) մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020 թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գտնվել են Հայաստանում.
3) 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք ունենալու դեպքում՝ երեխայի ծնողների կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի հանրագումարի կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը չի գերազանցել է 500 000 դրամը.
4) երեխայի ընտանիքը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չէ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, և ընտանիքի անապահովության միավորը բարձր չէ 28.00-ից.
5) անհատ ձեռնարկատեր հանդիսացող երեխայի ծնողների կամ ծնողներից մեկի գործունեությունը 2020 թ. մարտի 31-ի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված է.
6) եթե ընտանիքը չի հանդիսանում Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շահառու (10-րդ միջոցառմամբ աջակցություն կստանան միկրոբիզնեսի սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողները):
Աջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ գումարի չափով` անկանխիկ եղանակով (բանկերի միջոցով), ծնողներից մեկին (միայնակ ծնողին):