Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց, որ ունենք հնարավորություն՝ ջարդելու համաճարակի ողնաշարը։ Վարչապետն ասաց, որ երեկ ունեցել ենք 685 թեստ, որից դրական են եղել 28-ը։
«Շատ կարևոր վիճակագրություն ունենք, որ առաջին անգամ մեր դրական դեպքերը գրեթե կրկնակի քիչ են, քան առողջացած դեպքերը։ Երեկվա դրությամբ մենք 54 դուրսգրում ենք ունեցել։ Այսօր ունենք ընդհանուր 756 ակտիվ դեպք։ Այսինքն՝ ակտիվ դեպքերի որոշակի նվազում ունենք։ Սա էլ է առաջին անգամ։ Մեր վարակակիր պացիենտների թիվը ոչ թե աճում է, այլ նվազում է»,- նշեց վարչապետը։
Վարչապետը հայտնեց, որ լավ նորությունների հետ մեկտեղ կա նաև վատը՝ մահվան 2 նոր դեպք է գրանցվել։ Երկրում կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի միջին տարիքը 74․8 է։
«Ես այս ամեն ինչը չեմ ասում, որ մեր զգոնությունը թուլանա, և մենք նորից վարակի բռնկում ունենանք։ Ուղղակի ուզում եմ ասել, որ այս վիճակագրությունը մեզ թույլ է տալիս ասել, որ մենք հնարավորություն ունենք վարակի ողնաշարը ջարդելու։ Հիմա շատ մեծ բան է կախված մեզնից, յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունից։ Գիտեք, որ պարետատան նոր որոշման շրջանակներում մենք տասնյակ հազարավոր մարդկանց հնարավորություն ենք տվել վերադառնալ աշխատանքի։ Այս փուլում ես առանձնահատուկ կարևորություն եմ տալիս գործատուների պատասխանատվությանը, թե ինչքանով են նրանք ապահովում պայմաններ իրենց իսկ ընկերությունների աշխատակիցների վարակվելու հնարավորությունը նվազեցնելու համար։ Կոչ եմ անում բոլոր գործատուներին ձեռնարկել առանձնահատուկ հակահամաճարակային միջոցառումներ»,- նշեց վարչապետը՝ հույս հայտնելով, որ շուտով եղանակը կտաքանա, որը, որոշ մասնագետների կարծիքով, դրական ազդեցություն կունենա համավարակի տարածման նվազեցման վրա։
Վարչապետը նշեց, որ եթե մենք նախանձախնդիր լինենք բոլոր միջոցառումների իրականացման հարցում, ապա կունենանք չափազանց լուրջ շանս ջարդելու համաճարակի ողնաշարը։
«Լավ լուրերից մեր զգոնությունը ոչ թե պետք է թուլանա, այլ կրկնապատկվի, եռապատկվի, քառապատկվի, որ մենք միասին կարողանանք րոպե առաջ այս իրավիճակը հաղթահարել կամ համոզվել, որ մեր պիկը թիկունքում է»,- նշեց վարչապետն ու կրկին ներողություն խնդրեց պատճառած անհարմարությունների համար։