Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռուստաուղերձի ժամանակ հայտարարել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում համընդհանուր կարանտինի ժամկետը մեկ ամսով երկարաձգելու մասին: Խստացված սահմանափակումները կգործեն մինչև մայիսի 11-ը՝ գրում է Euronews-ը:
Ֆրանսիայում համընդհանուր կարանտին հայտարարվել էր մարտի 17-ին: Երկրի նախագահի հավաստմամբ՝ մայիսի 11-ից հետո, ստեղծված դրությամբ պայմանավորված, սահմանափակումները կթուլացվեն:
Հարկ է նշել, որ սա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ երկրի բնակչությանն ուղղված չորրորդ ուղերձն էր կորոնավիրուսի համավարակից հետո: Այն տևել է 25 րոպե: Նա բարձր է գնահատել բոլոր ջանքերն ու նշել, որ ավելին պետք է արվի վարակի տարածումը կանխարգելելու համար: