Ապրիլի 14-ից մինչև արտակարգ դրության ավարտը առողջապահության ոլորտի աշխատակիցները կունենան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու հնարավորություն՝ հայտնում են ընկերությունից։
Ինչպես նշված է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի համապատասխան հրամանում, տվյալ որոշումը կոչված է աջակցելու ՀՀ առողջապահության նախարարությանը նոր կորոնավիրուսային վարակի հետ պայքարի գործում: Միջքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու համար հիմք է հանդիսանում բուժհաստատությունների ղեկավարության կողմից աշխատակիցներին տրված արտակարգ դրության պայմաններում տեղաշարժման թերթիկը, որում նշված կլինի երթևեկության ուղղությունը:
Ներկա պահին ՀԿԵ ընկերությունը ապահովում է ուղևորների հոսքը Երևանի և Գյումրիի միջև, ինչպես նաև Երևան-Երասխ-Երևան և Երևան-Արաքս-Երևան ուղղություններով:
Էլեկտրագնացքների չվացուցակին կարող եք ծանոթանալ ընկերության վեբ կայքում: