ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ տեսակապով պատասխանելով իրեն ուղղված հարցին, որ առնչվում էր իր և Հակոբ Ճաղարյանի հարաբերություններին, նշեց, որ գործնական տարաձայնություններ եղել են։
«Մի խնդիր, օրինակ՝ հայեցակարգի մասով էր առաջացել։ Դա կապված էր նրա հետ, որ մեծ հանձնարարական էր եկել, ու մենք պետք է միասին հայեցակարգ մշակեինք ՀՀ-ի համար։ Բայց պարոն Ճաղարյանի կողմից արդեն իսկ մշակված հայեցակարգը կարծես վերջնական տարբերակն էր իր համար։ Երբ մենք ասում էինք՝ եկեք համատեղ անենք, ինքը մերժում էր։ Դա ինձ համար անընդունելի է։ Երկրի հայեցակարգը շատ կարևոր փաստաթուղթ է, որը բերելու է նրան, որ ռազմավարություն է գրվելու բոլորի համար։ Եվ այստեղ շատ կարևոր են բոլորի կարծիքներն ու թիմային աշխատանքը»,-նշեց Ռևազյանը։
Ճաղարյանի հետ ունեցած երկրորդ խնդիրը Ճաղարյանի առաջարկած երեք անձի աշխատանքներում չներգրավելն է եղել։
«Մենք ունեինք մի տարբերակ, որ երեք մասնագետները 7 օրով գալու էին Հայաստան, տպելու էին փաստաթղթեր, ամեն անձին 10 հազար դոլար գումար պետք է վճարեինք և իրականում ոչ մի կոնկրետ հարց չէինք լուծելու։ Թիմը, որ եկավ Հայաստան, ասեց՝ ինչ լավ է, որ դուք վերջին վայրկյանին ինչ-որ փաստաթղթեր չեք տպել, որովհետև մենք դա շատ արագ կհասկանայինք»,- նշեց Ռևազյանը։