«Աշխարհում տիրող համաճարակից ելնելով՝ հասարակական և քաղաքական կյանքը առավել քան երբևէ տեղափոխվել է վիրտուալ դաշտ։ Չունենալով որևէ ազդեցություն և հենք իշխանության իրական կրողի՝ ժողովրդի մոտ, քաղաքական օրակարգ ձևավորելու տոտալ լեգիտիմության բացակայության պայմաններում որոշ, ավելի շուտ՝ հանրահայտ քաղաքական ուժեր ֆեյքերի միջոցով փորձում են Հայաստանում ձևավորել կեղծ հանրային օրակարգ»,- Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Նա ընդգծել է, որ ֆեյքերի միջոցով տպագրվում են հոդվածներ, որոնց արձագանքում են հենց ֆեյքերը, իսկ սպասարկող մամուլը արտատպում և ձևավորում է հանրային ֆեյք կարծիք։ «Նրանք փորձում են ձևավորել վիրտուալ պսևդոժողովրդավարություն, որտեղ մարդուն փոխարինում է կեղծիքը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ հայրենիքի և զինվորի գաղափարը ևս տեղափոխվում է վիրտուալ, ոչ իրական դաշտ և ի հետևանս ստեղծվում է կեղծված արժեհամակարգ։
«Ժողովրդավարության պայմաններում սա անթույլատրելի է, քանի որ ժողովրդի կամքն առաջնային է երկրի բոլոր ծրագրերն իրականություն դարձնելու և ապագայի հեռանկարը կերտելու գործում։ Իրական հայրենիքի, իրական մարդու և իրական զինվորի կերպարին զուգահեռ ծնվում է արհեստական իրողություն, որը չունի ամուր հիմքեր և կփլուզվի առաջին իսկ հարվածից»,- ասել է պատգամավորը։