Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը իսպանական AS-ին հարցազրույց է տվել ու պատմել է տնային պայմաններում կատարած աշխատանքի մասին։ Մեր ընտրանու մարզիչը գովեստի խոսքեր է ասել հավաքականի ավագի՝ Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
«Մենք ամենօրյա կապի մեջ ենք Հայաստանի հավաքականի մարքեթինգի բաժնի աշխատակիցների հետո, Մ21 հավաքականի մարզիչ Անտոնիո Ֆլորեսի հետ, որին նույնպես այնտեղ էր տարել Խինես Մելենդեսը, և իմ օգնական Լուսի Մարտինի հետ: Ունենք 36-40 ֆուտբոլիստներ, որոնց տեսանյութերն է ինձ ուղարկում պարոն Մելենդեսը: Շտաբում մեկ այլ մարզիչ՝ Սուրենն ինձ այն ֆուտբոլիստների տեսանյութերն է ուղարկում, որոնք դեռ չեն խաղացել հավաքականում, բայց հավակնում են ընդգրկվել իմ հայտացուցակում. ծանոթանում եմ նրանց խաղին: Ստացվում է, որ իմ օրվա 24 ժամը նվիրում եմ Հայաստանի հավաքականին»,- նշել է Կապառոսը:
Անդրադառնալով մեր հավաքականի ավագին՝ Կապառոսը նշել է, որ նա Հայաստանում մարզական առումով չափանիշ է։ Կապառոսը պատմել է, որ Հենրիխի հետ ծանոթ է եղել նախքան մեր ընտրանին գլխավորելը։
«Մխիթարյանն այժմ մարզվում է: Մինչև հավաքականը գլխավորելը խոսել եմ նրա հետ: Նա շատ սիրված ֆուտբոլիստ է Հայաստանում, այնտեղ նա մարզական առումով չափանիշ է, ինչպես նաև ունի մարդկային մեծ որակներ: Ինձ այս հավաքականում ամենաշատը դուր է գալիս ֆուտբոլիստների հայրենասիրությունն ու նվիրվածությունն իրենց ազգային հավաքականին, որի մասին ինձ պատմել է Մխիթարյանը: Ես Հենրիխին ճանաչել եմ մինչև հավաքականը գլխավորելը: Առաջին բանը, որ կանեի, հավաքականի հայտացուցակում հայտնված ֆուտբոլիստների հետ հանդիպում կազմակերպելը կլիներ, որպեսզի միմյանց ավելի լավ ճանաչեինք»,– ընդգծել է Կապառոսը:
Կապառոսը նշել է, որ կորնավիրուսը խառնել է իր պլանները։ Եթե այս դադարը չլիներ՝ անպայման գնալու էր Սևիլյա՝ դիտելու Եվրոպա լիգայի «Սևիլյա» – «Ռոմա» մրցավեճը: