Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է, որ մարզի այն բնակչին, ում մոտ կորոնավիրուս էր կասկածվում, երրորդ թեստավորումն են արել, և պատասխանը բացասական է։ Մարզում կորոնավիրուսով վարակված չկա։
«Գեղարքունիքի մարզի սիրելի' բնակիչներ.
Ինչպես երեկ հայտնել էի, կորոնավիրուսով կասկածվող հիվանդին անհրաժեշտություն է առաջացել երրորդ անգամ հետազոտել։
Դրական լուր ունեմ բոլորիս համար` այն ԲԱՑԱՍԱԿԱՆ է։
Մեր պացիենտի բուժսպասարկման հետագա ընթացքը կկատարվի ըստ բժշկական ցուցումների։
Շնորհակալություն եմ հայտնում առողջապահության համակարգի մեր գործընկերներին, այս դեպքում հատկապես՝ «Նորք» Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բոլոր բուժաշխատողներին, ովքեր այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված, անձնվիրաբար պայքարում յուրաքանչյուր հիվանդի առողջության և կյանքի համար և ցուցաբերում մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ։
Շարունակում եմ հորդորել խստորեն հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները, տնից դուրս գալ խիստ կարիքի պարագայում։
Եվ հետևեք պաշտոնական լրահոսին։
Առո՛ղջ եղեք»: