Խնդիր ունե՞նք՝ խնդիրը պետք է լուծվի և վերջ, ոլորտը քաղաքականացնել պետք չէ,- ասաց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ պատասխանելով հարցին՝ ավիացիայի ոլորտի բացթողումները ներկա՞, թե՞ նախկին իշխանություններինն են։
Ռևազյանը նշեց, որ անձնակազմը սովոր է եղել աշխատել մի ձևաչափով, որը, օրինակ՝ շատ գործառույթների դեպքում սխալ է։
«Ես երբ հարցնում էի անձնակազմին, թե ստուգումների արդյունքում ի՞նչ թերություններ գտաք, ճիշտ պատասխաններ չէի ստանում։ Դրա համար առաջին քայլը, որ ես արեցի, ստուգեցի Միջազգային քաղավիացիայի աուդիտը, և շատ բարձր չափանիշ էր։ Ես նստած համեմատում էի ու ասում՝ էս ինչ լավ է Հայաստանում վիճակը, սկանդինավյան երկրների մակարդակի թռիչքային անվտանգություն ունենք։ Այսինքն՝ որևէ հիմք չունեի կասկածելու, որ մենք իրոք լուրջ խնդիր ունենք»,- նշեց Ռևազյանը։
Քաղավիացիայի կոմիտեի նախագահը նաև պատմեց, որ երբ ավիաընկերությունները դիմել են Եվրոպա թռիչքային թույլտվություն ստանալու համար, պատասխան նամակում նշված է եղել կոմիտեի ունեցած լուրջ խնդիրների մասին: Սակայն այդ նամակի մասին Ռևազյանին չի զեկուցվել։
«Դա հուլիսին էր։ Սեպտեմբերին ես այցով գնացել եմ Մոնրեալ, և պատահական իմ եվրոպացի գործընկերները ինձ տեղեկացրին այդ նամակի մասին։ Ես սկսեցի հետաքրքրվել, թե դա ի՞նչ նամակ է, ինչո՞ւ մեզ չի հասել։ Եվ ես անձամբ խնդրեցի, որ վերահսկող մարմինը գա ու մեզ ստուգի»,- նշեց Ռևազյանը ու հավելեց, որ այդ հարցով քրեական գործ է հարուցվել։