ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը, պատասխանելով հարցին, թե Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունն արդյոք Քաղավիացիայի կոմիտեին ժամանակավորապես զրկել է Հայաստանի տարածքում ավիաընկերություններին լիցենզավորելու իրավունքից, նշեց․
«Եվրոպական անվտանգության գործակալությունը չի զրկել կոմիտեին որևիցե լիազորությունից։ Խոսքը երկու ավիաընկերությունների մասին է, որոնք Եվրոպական միության երկրներ թռիչքներ իրականացնելու համար ունեցել են թույլտվություն»:
Նա նաև նշեց, որ խնդիրները տարիների պատմություն ունի։ Տեղեկացրեց, որ օտարերկրյա օդանավ շահագործողների աուդիտների ժամանակ եվրոպական պետություններում որոշ ավիաընկերություններ գրանցել են թերություններ, որոնք սպառնալիք կարող են լինել թռիչքների անվտանգությանը կամ չեն համապատասխանում միջազգային իրավական կանոնակարգերին։ Այդ իսկ պատճառով սկսել է կասկած առաջանալ վերահսկողություն իրականացնող մարմնի նկատմամբ։
«Դեռևս 2018-2019 թվականներին մեր որոշ ավիաընկերություններ ներկայացրել են հայտ եվրոպական պետություններ թռիչքներ իրականացնելու համար։ Երկարաձգելու հայտ ևս ներկայացրել են, և նույնպես արձանագրվել են թերություններ։ Այդ ամբողջական փաթեթը հանգեցրել է նրան, որ եվրոպական կառույցները սկսել են ավելի խոր ուսումնասիրել, թե ինչ է կատարվում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում»,- ասաց Պողոսյանը։
Նա նշեց, որ կան հարուցված քրեական գործեր, և խնդիրը իրավապահ մարմինների վերահսկողության տակ է։
Քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանն էլ ընդգծեց, որ տեսչական ստուգումների ընթացքում եթե կոմիտեն թերություններ նկատեր, ապա տվյալ ավիաընկերությունները չէին կարողանա դիմել եվրոպական երկրներում չվերթեր իրականացնելու համար։ Ոլորտի պատասխանատուներն ընդգծեցին, որ խնդիրներին միասնական լուծումներ կտրվեն։