ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, պատասխանելով քաղաքացիների հարցերին, նշեց, որ վերջին շրջանում կոմիտեի մասին շրջանառվում են սխալ տվյալներ։ Ռևազյանն անդրադարձավ վերջին շրջանում ամենաշատը քննարկվեղ թեմային՝ ԵՄ թռիչքային անվտանգության գործակալության զեկույցին։
«Այն զեկույցը, որը պատրաստել է Եվրոպական միությունը մեր մասին, որևէ ձևով չի ասում, որ թերությունները հայտնաբերվել են վերջին երկու տարվա ընթացքում։ Կոնկրետ թերություններ են նշում, որ նկատել են այցի ընթացքում, որը տեղի է ունեցել փետրվարի 2-7-ը»,- նշեց Ռևազյանը։
Ռևազյանը նշեց, որ կարող են հրապարակել զեկույցից հատված, որում ասվում է, որ նոր ղեկավար կազմը ընդհանրապես կապ չունի այս խնդիրների և իրավիճակի հետ, որ կա մեր երկրի ավիացիոն ոլորտում։
Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանն էլ մանրամասնեց, թե ինչ են իրենցից ներկայացնում երրորդ երկրի շահագործողի վկայական, աուդիտ ու այցելություն տերմինները ոլորտում։ Պողոսյանը նշեց, որ համաձայն ԵՄ կարգավորումների՝ ավիաընկերությունները, որոնք ցանկանում են դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնել, պետք է ստանան երրորդ երկրի շահագործողի վկայական, համապատասխան ստուգումներ անցնեն, դա կարող է լինել թղթային և այցելության միջոցով։
«Հայաստանի Հանրապետություն թռչող բոլոր օդանավ շահագործողները ենթարկվում են նման աուդիտի հենց թռիչքի վայրէջքից հետո։ Այդ ամբողջ տեղեկատվությունը տեղադրվում է մի հարթակում, որում մուտք ունեն Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունը»,- նշեց Պողոսյանը։
Անդրադառնալով թերություններին՝ կոմիտեի նախագահի տեղակալը նշեց, որ մոտեցումները միասնական չեն եղել, զեկույցների համակարգ պետք է ներդրվի, որը նույնպես չի եղել, շատ աշխատանքներ էլ կատարվել են, բայց չեն արձանագրվել։