Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ավիաընկերությունները որքան ժամանակով են լիցենզիայից զրկվել, նշեց, որ դրանք ժամանակավոր են։
Պողոսյանը տեղեկացրեց, որ լիցենզիան կարող է վերականգնվել այն պարագայում, երբ կոմիտեն պատրաստ կլինի կատարել իր վերահսկողական ֆունկցիան։ Կոնկրետ ժամկետներ, սակայն, Պողոսյանը չնշեց: Ըստ նրա՝ մի շարք խնդիրներ, ինչպես COVID-2019-ը, հնարավորություն չեն տալիս քննարկումներ իրականացնել։ Այդուհանդերձ, Պողոսյանի խոսքով, աշխատանքներ իրականացվում են։
Պողոսյանը տեղեկացրեց, որ գրանցված օդանավ շահագործողներից ընդամենը երկու ավիաընկերություն կար Հայաստանում, որոնք դիմել էին այդ թույլտվությունը ստանալու համար, բայց փաստացի գործունեությունը դադարեցրել են։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալը նշեց, որ չնայած այս ամենին ավիաընկերությունները կարող են թռիչքներ իրականացնել մարդասիրական, բժշկական, պետության կողմից տարհանման և նման այլ նպատակներով։ Ասաց, որ այդ դեպքում երկու ընկերություններն էլ կարող են թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպական միության անդամ պետություններ։