Ազգային ժողովի այսօրվա նիստում 97 կողմ և 1 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Կառավարության ներկայացրած «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրեց, որ նախագծով առաջարկվում է գրավը կիրառել ոչ միայն որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, այլ նաև ինքնուրույն խափանման միջոց: «Նախագծով առաջարկվում է խափանման բոլոր միջոցները դիտել որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոցներ՝ հնարավորություն ընձեռելով դատարաններին անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժել, եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ: Վերջիններս ընտրելու հարցի լուծումը թողնվում է միայն վարույթ իրականացնող մարմնի իրավասությանը»,- ասաց փոխնախարարը։
Գրավի գումարի նվազագույն չափը սահմանվում է 200 հազար դրամ՝ անկախ հանցագործության տեսակից։ Հնարավորություն է տրվում անձի նկատմամբ կիրառվող գրավի չափն անհատականացնել:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրեց, որ գործող օրենսգրքով անձի նկատմամբ քննիչի միջնորդությամբ ընտրվում էր խափանման միջոց կալանք, այնուհետև միաժամանակ դատարանը հնարավորություն ուներ նույն անձի նկատմամբ կիրառել գրավ: «Դատարանն այլևս չի կարող որոշել միջդատական վարույթում անձի նկատմամբ գրավ կիրառել: Կիրառել ենք մեկ այլ մոդել՝ այդ իրավասությունը փոխանցում ենք վարույթ իրականացնող մարմնին»,- նշեց Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ արդարադատության նախարարը նշել էր․ «Անկախ նրանից, առկա՞ է դատարանի որոշում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, թե՞ ոչ, անձի նկատմամբ կարող է կիրառվել գրավ, եթե այն անհրաժեշտ և պիտանի է անձի վարքագիծն ապահովելու համար: Ի տարբերություն գործող կարգավորման, գրավը կիրառվում է բացառապես դատարանի որոշմամբ: Նախագծով առաջարկվում է գրավը ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների պես կիրառել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի որոշմամբ ինչպես մեղադրյալի, այնպես էլ կասկածյալի նկատմամբ՝ ելնելով դրա՝ որպես ինքնուրույն խափանման միջոց նախատեսելու հանգամանքից»։