Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվեց Կառավարության ներկայացրած «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ նախագծով բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան հասանելի է դառնալու իրավապահ մարմիններին՝ դատախազությանը, Քննչական կոմիտեին, ՀՔԾ-ին, ԱԱԾ-ին, ոստիկանությանը, նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին և ՊԵԿ-ին։
«Բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի մասին ինֆորմացիան այժմ հնարավոր է ստանալ միայն քրեական գործի շրջանակներում կասկածյալի կամ մեղադրյալի մասով՝ միայն դատարանի որոշմամբ։ Այս մարմինների գործունեությունը բացի քրեական գործերից նաև իրենց գործունեության ընթացքում վարչարարություն իրականացնելիս անհրաժեշտ ինֆորմացիա է նաև բաժնետոմսերի մասին տեղեկատվությունը»,- ասաց Ռաֆիկ Գրիգորյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ 2001 թվականից ՍՊԸ-ների բաժնեմասերի սեփականատերերի ինֆորմացիան բաց է, իսկ 2013 թվականից դրան անվճար հիմունքներով ուղիղ հասանելիություն ունեն նաև պետական մարմինները։ Գրիգորյանը տեղեկացրեց, որ տարիների ընթացքում բազմիցս փորձ է կատարվել բացել նաև բաժնետերերի մասին ինֆորմացիան, սակայն նաև քաղաքական պատճառներով այդ նախաձեռնությունները սառեցվել են։
Գրիգորյանը շեշտեց, որ իրավապահ մարմիններին, օրինակ՝ այդ ինֆորմացիան անհրաժեշտ է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննություն իրականացնելու անհրաժեշտության դեպքում։