Ազգային ժողովի նիստի օրակարգում 99 կողմ և 1 դեմ ձայներով ընդգրկվեց Քաղաքացիական օրենսգրքում փոփոխության և կից ներկայացված օրինագծերի փաթեթը։ Այն գլխադասային հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը ներկայացրեց, որ առաջարկվում է լիզինգի նպատակով Քաղաքացիական և Հարկային օրենսգրքերում փոփոխություններ կատարել։
«Այն նախատեսում է լիզինգի գործիքը և իր կիրառման շրջանակը հավասարեցնել ֆինանսական և վարկավորման այլ գործիքների։ Փոփոխությունների փաթեթում նպատակ է դրվել լիզինգի համար օրենսդրական դաշտը բարելավել՝ հիմնական միջոցների ներմուծման, վաճառքի, հայրենական արտադրության խթանման նպատակով։ Զարգացնելով լիզինգը՝ զարգանում են նաև կից ոլորտները, աշխուժանում են մատակարար, ապահովագրական ընկերությունները, գնահատման շուկաները, մոդեռնիզացվում է հիմնական միջոցների բազան»,- ասաց Մարգարյանը։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը նշեց, որ նախկինում չէին կարգավորվում լիզինգի տարբեր տեսակներ, այժմ այդ հնարավորությունը կա:
«Հարկային օրենսգրքով առաջարկվում է լիզինգի առարկայի դիմաց լիզինգատուի կողմից ստացված վճարները դիտել որպես նվազեցում, ինչը հնարավորություն կտա կրկնակի լիզինգի դեպքում ունենալ ավելի իրական արժեք»,- ասաց Մարգարյանը։
Նախատեսվում է լիզինգային գործարքների ժամանակ առարկայի տիրապետման, օգտագործման ժամանակահատվածում գույքահարկ վճարող համարել լիզինգառուին։ Նախատեսվում է նաև ԱԱՀ չնախատեսող գործարքներով ձեռք բերվող առարկայի համար լիզինգատուի կողմից ԱԱՀ չհաշվարկել։