Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, օգտատերերի հարցերին պատասխանելիս, տեղեկացրեց, որ կան ավիաընկերություններ, որ գրանցված են Հայաստանում, բայց չվերթեր են իրականացնում Աֆրիկայում։ Նշեց, որ նոյեմբերին Բրյուսելում մասնակցել են անվտանգության նիստի և ներկայացրել, թե կոնկրետ ինչ քայլեր են արվելու իրավիճակից դուրս գալու համար, քանի որ նրանք ասել են, թե ինչպես են պատշաճ տեսչական ստուգումներ արվելու Աֆրիկայում, եթե դրանք չեն արվում Հայաստանում:
«Հասկացանք, որ լուրջ խնդիր է։ Մենք որպես կոմիտե որևէ ժամանակահատվածում չենք ունեցել ուղիղ կապ տարբեր պետությունների քաղավիացիաների հետ։ Մենք կախված ենք եղել, որ ավիաընկերությունը կազմակերպի այցը, եթե տեսչական ստուգում պետք է արվեր։ Հաշվի առնելով, որ դա պատշաճ չենք կարող անել, մենք կոնկրետ քայլեր ենք արել, որ ապագայում կարողանան ավիաընկերությունները գրանցվել Հայաստանում և չվերթեր իրականացնեն Աֆրիկայում»,- ընդգծեց Ռևազյանը։
Ռևազյանը նշեց, որ կոնկրետ քայլեր են նախաձեռնել արտահերթ ստուգումներ անելու։ Դրա արդյունքում կասեցվել և փակվել է «Տարոն ավիա» ընկերությունը, հիմա «Մարս ավիա» ավիաընկերությունն է կասեցվել, և եթե իրենց չներկայացնի, որ թերություններն ու խնդիրները վերացրել է՝ մայիսի 1-ով այդ ընկերությունը կփակվի։ Ռևազյանը նշեց, որ այդ դեպքում չենք ունենա ավիաընկերություն, որը թռիչքներ կիրականացնի Աֆրիկայում։ Քաղավիացիայի կոմիտեի նախագահը նշեց, որ նաև Հոլանդիայից են մասնագետ ներգրավել, որպեսզի խորհուրդներ տրվեն տեսուչներին, թե ինչ փոփոխություններ պետք է արվեն տեսչական ստուգումներում՝ բոլոր խնդիրները նկատելու համար։